Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 8-րդ ամիս

Հղիություն. 8-րդ ամիս

Ութերորդ ամսվա ընթացքում պտուղն ակտիվորեն պատրաստվում է ինքնուրույն կյանքի: Նա նախկինի պես ակտիվ է, սակայն նրա շարժումներն ավելի ռացիոնալ են և ժլատ. փոքրիկը մեծացել է և «նեղվում» է արգանդում, այդ պատճառով էլ նա չի փոխում դիրքն այնքան հաճախ, ինչպես նախորդ 2-3 ամիսների ընթացքում:

 

Ավելի հաճախ նա տեղավորվում է գլխով դեպի ներքև` պատրաստվելով արգանդից դուրս գալուն, և մեջքով շրջվում ձախ: Դա ճիշտ, այսպես կոչված, գլխային դիրքն է: Սակայն պատահում է, որ պտուղը ոչ ճիշտ դիրք է զբաղեցնում, ինչպես, օրինակ, արգանդի լայնքով (լայնակի դիրք) կամ` գլխով դեպի վերև (ոտքերով դիրք): Ժամանակին բժշկին դիմելիս որոշ դեպքերում հնարավոր է լինում ուղղել պտղի դիրքը՝ թեթևացնելով ապագա ծննդաբերության ընթացքը:

Ութերորդ ամսում գրեթե վերջնականապես ձևավորվում է սիրտ-անոթային համակարգի գլխավոր օրգանը՝ սիրտը: Սակայն և′ սիրտը, և′ համակարգն ամբողջությամբ պահպանում են պտղին հատուկ առանձնահատկությունները: Արյունը հոսում է դեպի աջ նախասիրտ ներքին սիներակի միջոցով: Այն բաղկացած է ընկերքի արյունից, դռներակի արյունից և պտղի ներքին սիներակից: Իսկ նախասրտում այդ արյանն ավելանում է նաև սրտասնույց խորշերի և վերին սիներակի երակային արյունը:

Աջ նախասրտից արյան մոտ 75%-ը լցվում է աջ փորոք և թոքային զարկերակի միջոցով ուղղվում դեպի թոքեր, իսկ բոտալյան ծորանով՝ դեպի աորտա: Մնացած 25% արյունը հոսում է դեպի ձախ նախասիրտ: Մի զարմացեք, աջ և ձախ նախասրտերի միջև ձվաձև բացվածքը կամ պատուհանը պտղի սրտի առանձնահատկություններից մեկն է: Նորածնի մոտ այդ բացվածքը փակվում է և նախասրտերն առանձնանում են:

Հղիության 8-րդ ամիսԻսկ առայժմ աջ նախասրտից ձախ նախասիրտ ներհոսած արյունը խառնվում է թոքերից վերադարձած արյան հետ, ապա հոսում դեպի ձախ փորոք, այնտեղից՝ աորտա, այստեղից էլ՝ օրգանիզմի մնացած անոթները:

Պտղի ոչ մի արյունատար անոթում մաքուր զարկերակային արյուն չկա, նույնիսկ զարկերակային համակարգում շրջանառվում է երակային արյան և թթվածնով հարստացված արյան խառնուրդը: Զարկերակային արյունը հոսում է մորից պտղին` պորտալարային երակով: Այդ իսկ պատճառով պտղի ընդհանուր վիճակը կախված է նրանից, թե որքանով է հարստացված մոր արյունը թթվածնով և պտղի կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս նյութերով: Եթե ինչ-որ պատճառով մոր արյան մեջ թթվածինը պակաս է, դա անդրադառնում է երեխայի վրա և դառնում վտանգավոր երեխայի առողջության համար: Եթե կինը ծխում է կամ երկար ժամանակ գտնվում ծխոտ տարածքում, իր երեխային ենթարկում է թթվածնային քաղցի: Երեխայի՝ թթվածնով մատակարման համար անբարենպաստ են նաև մոր սիրտ-անոթային պաթոլոգիաները, հղիության այնպիսի բարդությունները, ինչպիսիք են` հղիության երկրորդ կեսի տոքսիկոզը, սակավարյունությունը: Այս դեպքերում պարտադիր են մշտական բժշկական հսկողությունն ու բուժումը (հաճախ` ստացիոնար պայմաններում):

Ութերորդ ամսում պտղի շատ օրգաններ շարունակում են զարգանալ և վերջնականապես ձևավորվել: Այսպես. լյարդում ակտիվորեն ընթանում է ձևավորման գործընթացը, հստակ դասավորվում են լյարդի բջիջները՝ ծայրամասերից դեպի կենտրոն: Մշակվում է լյարդի արյան շրջանառությունը, և վերջինս աստիճանաբար ստանձնում է օրգանիզմի գլխավոր քիմիական լաբորատորիայի դերը:

Ենթաստամոքսային գեղձի ներզատական ֆունկցիան վաղուց արդեն գործում է և պտղին ինսուլին մատակարարում, իսկ ահա արտաքին արտազատական հատվածը, որը պետք է արտադրի ենթաստամոքսագեղձի հյութի բաղադրամասերը, դեռ շարունակում է զարգանալ, միավորող հյուսվածքներն աստիճանաբար փոխարինվում են աշխատող բջիջներով, մշակվում են արտազատական բաժիններն ու արտածորանները, որոնցով հյութը պետք է հասնի աղիներին: Այս գործընթացը չի ավարտվում նույնիսկ ծնվելու ժամանակ, և կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում ենթքաստամոքսային գեղձը, ինչպես նաև մարսողական համակարգի բոլոր օրգանները, կշարունակեն կատարելագործվել:

Հղիության 8-րդ ամիսԹոքերում ավարտին է մոտենում ալվեոլների՝ գազափոխանակության համար պատասխանատու, շնչառական պղպջակների զարգացումը, այժմ յուրաքանչյուր ալվեոլ ծածկված է սուրֆակտանտով, որը վկայում է թոքերի հասունացման մասին: Իսկ շնչառական համակարգն այս ընթացքում ընդունակ է ապահովել իր կարևորագույն ֆունկցիան՝ շնչառությունը:

Նկատելիորեն աճում է պտղի գլուխը՝ կազմելով հասուն մարդու գլխի մոտ 60%-ը, իսկ գլխուղեղի ծավալը հավասար է հասուն մարդու ուղեղի 1/4 մասին այն դեպքում, երբ մնացած օրգանները կազմում են իրենց «չափահաս» չափերի միայն 1/20-ը:

Ենթամաշկային ճարպային ցանցաշերտի ինտենսիվ կուտակման շնորհիվ պտղի մաշկը հարթվում է, անհետանում են կնճիռները: Մաշկի գույնը կարմրից աստիճանաբար փոխվում է վարդագույնի: Առաջնային աղվամազերն արդեն չկան, իսկ առաջնային քսուքը պահպանվում է:

Ութ ամսեկան պտուղը կենսունակ է, սակայն ավելի լավ է ծնվի ժամանակին: Այդ պատճառով էլ խիստ ուշադիր եղեք ձեր նկատմամբ և կատարեք կանանց կոնսուլտացիայի բժշկի բոլոր խորհուրդները:

Շարունակվում է պտղի գլխուղեղի ինտենսիվ զարգացումը: Պտուղը չափազանց մեծ է շրջվելու համար, այժմ դուք առանձին-առանձին կզգաք ձեռքերի, ոտքերի և գլխի հարվածները:

37-րդ շաբաթում ծննդաբերելիս երեխան հիմնականում զարգացած է և ոչ վաղածին:

Ինչպես է փոխվում ձեր մարմինը

Այս ամսում կարող եք զգալ արգանդի ավելի ուժեղ և անկանոն կծկումներ: Կաթնագեղձերից հնարավոր է դալի՝ թափանցիկ հեղուկի արտազատում:

Հաճախ այրոցքներ են լինում (մեծացած արգանդը փոխում է ստամոքսի դիրքը): Կերեք փոքր քանակությամբ և հաճախակի: Երբեք մի պառկեք անմիջապես ուտելուց հետո: Մինչև հղիության 36-րդ շաբաթը թույլատրելի է շաբաթական 400 -500 գ քաշի ավելացումը:

Հղիության 8-րդ ամիս

 

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ